Մաքսատուն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորային մաքսային հսկողության գոտում գործում է մաքսային ձևակերպումների և հսկողության իրականացման երկուղային համակարգ:

«Կանաչ» ուղին ժամանման սրահում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման՝ այդպիսի անձանց մոտ չուղեկցվող ուղեբեռի միաժամանակյա բացակայության դեպքում:

«Կարմիր» ուղին ժամանման սրահում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող ապրանքների համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, ինչպես նաև այնպիսի ապրանքների, որոնց նկատմամբ իրականացվում է հայտարարագրում՝ ըստ ֆիզիկական անձի ցանկության:

Երկուղային համակարգը չի կիրառվում պաշտոնատար անձանց և պատվիրակությունների սրահներում, ժամանման գոտում:

Օդային ճանապարհով ներմուծվող բեռների մաքսային հսկողությունն իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայանի Բեռնափոխադրման համալիրում, որտեղ տեղակայված է նաև «Զվարթնոց» մաքսատունը:

Բեռների զննումն իրականացվում է նորագույն սարքավորումներով, այդ թվում ռենտգենային, որոնցից մեկը` հանրապետությունում  իր չափերով ամենամեծ ներսադիտակը ևս տեղադրվել է Բեռնափոխադրման համալիրում: Այն թույլ է տալիս հնարավորինս կարճ ժամանակահատվածում զննել մեծածավալ բեռներ: «Զվարթնոց» մաքսատունը յուրաքանչյուր շաբաթ կազմակերպում է մասնագիտական խորհրդատվություն, որի ընթացքում հնարավորություն է ընձեռվում համապատասխան մասնագետներից տեղեկանալ մաքսային օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններին, պարզաբանումներ ստանալ մաքսային մարմինների հետ փոխհարաբերություններում ծագող հարցերի վերաբերյալ:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.customs.am ինտերնետային կայք: 

ԱԱՀ-ի վերադարձ

Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս, նախքան սահմանային անցակետը հատելը, Դուք կարող եք հետ ստանալ «Tax Free» համակարգ կիրառող խանութներից ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ:



Բեռնասայլակ

Հարց. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում որքա՞ն արժեն բեռնասայլակները:
Պատասխան. Բեռնասայլակներն օդանավակայանում անվճար են:



Ձեռքի իրերի փոխադրում

Հարց. Ո՞ր իրերն են արգելված ձեռքի ուղեբեռով փոխադրման համար:

Պատասխան. Զվարթնոց միջազգային օդանավակայանից մեկնող ուղևորների ձեռքի իրերում արգելված առարկաների, նյութերի և միացությունների ցանկ:

Խնդրում ենք սեղմել ներքոհիշյալ վերնագրի վրա՝ արգելված առարկաների և իրերի փոխադրման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

Ձեռքի իրեր և ուղեբեռ 

 



Վերգետնյա փոխադրամիջոց

Հարց. Վերգետնյա ի՞նչ փոխադրամիջոցից կարող եմ օգտվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանելուն պես: Տաքսիո՞վ, թե՞ հանրային փոխադրամիջոցով կարող եմ քաղաք հասնել: 
Պատասխան. Օդանավակայանի Ժամանման սրահի` ուղեբեռների ստացման տարածքից անմիջապես դուրս գալուն պես կարող եք օգտվել ինչպես տաքսի ծառայություններից, այնպես էլ ավտոբուսային երթուղուց:

Հարց. Ո՞ր ժամերին է հնարավոր «Զվարթնոց» օդանավակայանում օգտվել տաքսի ծառայություններից և ավտոբուսային երթուղուց:
Պատասխան. Տաքսիները գործում են շուրջօրյա, իսկ ավտոբուսային երթուղին առավոտյան ժամը 7:00-ից մինչև 22:00-ն գործում է 30 րոպե միջակայքով:

Հարց. Որքա՞ն պետք է վճարել տաքսի ծառայություններից օգտվելու համար: Նախօրոք տաքսի պատվիրելու անհրաժեշտություն կա՞:
Պատասխան. Գները տարբեր են` կախված, թե հաճախորդը որ ուղղությամբ է ցանկանում ուղևորվել: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով ստորև նշված էջը՝ 
http://www.zvartnots.aero/HY/Content/TaxiAndRentACar

Հարց. Որքա՞ն արժե ավտոբուսի ուղեվարձը և ինչպե՞ս կարող եմ վճարում կատարել:
Պատասխան. Ուղեվարձը 300 դրամ է մեկ անձի համար: Այն անհրաժեշտ է  վճարել կանխիկ ՀՀ դրամով։



Կայանատեղի

Հարց. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում որտե՞ղ կարող եմ կայանել ավտոմեքենան:
Պատասխան. Դուք կարող եք օգտվել նոր համալիրի ավտոկանգառից, որն ունի 600 մեքենայի կայանման հնարավորություն: Կայանատեղիի սակագների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղումով՝ 
 

Հարց. Վճարման ի՞նչ ձև է կիրառվում ավտոկայանատեղիում:
Պատասխան. Դրամարկղերում վճարումն ընդունվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ` քարտի միջոցով: Օդանավակայանի տարածքում տեղադրված են նաև վճարային տերմինալներ:

 

 



Մուտքի արտոնագիր

Հարց. Ե՞րբ և ի՞նչ ժամկետում կարող եմ ձեռք բերել մուտքի արտոնագիր:
Պատասխան. Մուտքի արտոնագրի ստացման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ ինտերնետային կայքը` http://www.mfa.am/en/visa/
 
Հարց. Ինչպե՞ս կարող եմ վճարել մուտքի արտոնագրի համար և ի՞նչ սակագներ են գործում:
Պատասխան. Մուտքի արտոնագրի համար անհրաժեշտ է վճարել միայն հայկական դրամով.
  • Մինչև 120 օրվա վիզա—15.000 ՀՀ դրամ
  • Մինչև 21 օրվա վիզա—3.000 ՀՀ դրամ
  • Մինչև 3 օրվա վիզա—10.000 ՀՀ դրամ
  • Մինչև 18 տարեկաններին վիզան տրվում է անվճար: 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԳԵԼԻ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐ,

120, 21 ԵՎ 3 ՕՐՈՎ ՏՐՎՈՂ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ԴԱՎԻԹԱՇԵՆ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ 17/10 ՇԵՆՔ ՀԱՍՑԵՈՎ:
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԻԶԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ (ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201 ՀՈԴՎԱԾՈՎ) 50.000-100.000 ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ԵՎ 1 ՏԱՐՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՆՐԱ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
ՎԻԶԱՅԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ:



VIP ծառայություն

Հարց. Ի՞նչ ծառայություններ է իր մեջ ներառում VIP Ծառայությունը: 
Պատասխան. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի կոմերցիոն VIP ծառայությունը ներառում է՝

  • առանձնացված հաշվառման ծառայություն
  • հավելյալ ուղեբեռի փոխադրման ծառայություն (VIP սրահից դեպի VIP ավտոկանգառ և հակառակ ուղղությամբ)
  • Ժամանման սպասասրահներում (ստերիլ գոտի) թեյի մատուցում (անսահմանափակ քանակությամբ)
  • Ժամանման սպասասրահներում (ստերիլ գոտի) սուրճի մատուցում (անսահմանափակ քանակությամբ)
  • թարմ մրգերի մատուցում
  • ալկոհոլային խմիչքներ
  • մեկ ոչ ալկոհոլային խմիչք (առկայության դեպքում):

Հարց. Ո՞րքան է հարկավոր վճարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մատուցվող VIP ծառայության համար: 
Պատասխան. VIP ծառայության համար գանձվում է 70.000 ՀՀ դրամ (մինչև 6 տարեկան երեխաները սպասարկվում են անվճար): 

Հաշվառում VIP սրահում, ուղեկցում սահմանային հսկիչ կետ, Բիզնես սրահի մուտքի թույլտվություն (ուղևորն անվտանգության և անձնագրային հսկիչ կետերն անցնում և գնում է ինքնաթիռ ինքնուրույն) – 40.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ուղևորի համար (2 տարեկանից ցածր երեխաները սպասարկվում են անվճար, ամբողջական գանձումն իրականացվում է 2 տարեկանից բարձր երեխաների համար) :

Հարց. Ինչպե՞ս կարող եմ օգտվել VIP ծառայությունից: 
Պատասխան. Ամրագրումների համար խնդրում ենք դիմել VIP սրահի ընդունարան` զանգահարելով +374 10 493000, ներք. 7246 և 7292 (վճարումների հետ կապված հարցերի դեպքում) համարին կամ +374 98 339955 հեռախոսահամարով: Ինչպես նաև կարող եք պատվիրել ծառայությունն առցանց՝ այցելելով ստորև նշված էջը.

http://www.zvartnots.aero/HY/Payment

Էլ.փոստ`  kisraelyan@aia-zvartnots.aero, lmkhitaryan@aia-zvartnots.aero :

Հարց. Ինչպե՞ս կարող եմ վճարում իրականացնել VIP ծառայության համար:

Պատասխան. Ծառայության համար վճարումը կատարվում է ՀՀ դրամով` կանխիկ կամ բանկային քարտի միջոցով: Դուք կարող եք փոխանակել Ձեր տարադրամը օդանավակայանում գործող բանկերի մասնաճյուղերից որևէ մեկում կամ արտարժույթի փոխանակման մեքենաների միջոցով:

Դուք կարող եք նաև վճարում իրականացնել առցանց՝այցելելով ստորև նշված էջը.

http://www.zvartnots.aero/HY/Payment



Ուղեբեռի փաթեթավորում

 

Հարց. Որքա՞ն արժե ուղեբեռի փաթեթավորումը:
Պատասխան. Ուղեբեռի փաթեթավորման արժեքը 1.500 ՀՀ դրամ է: